Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբությունների, ի մասնավորի Տիրոջ խաչափայտի՝ Կենաց Փայտի մասունքների խմբում իր առանձնահատուկ տեղն ունի Մոկաց աշխարհի Ապարանք բնակավայրի վանական համալիրի Սբ Խաչը, որը հայտնի է Ապարանից Սբ Նշան անվամբ:
Կենաց Փայտի այս մասունքի պատմությունը («Յիշատակագրութիւն պատմութեան ամենազաւր Նշանի աստուածեան Խաչին») շարադրել է Սբ Գրիգոր Նարեկացին՝ Ապարանից վանքի առաջնորդ Տ. Ստեփանոս եպիսկոպոսի պատվերով:
Տիրոջ խաչափայտի մասունքն Ապարանից վանքին են ընծայաբերել Բյուզանդիայի Բարսեղ Բ (976-1025) և Կոնստանդին Ը (976-1028) կայսրերը՝ ընդառաջ Ապարանից վանքի առաջնորդ Տ. Ստեփանոս եպիսկոպոսի խնդրանքին: Կենաց Փայտի մասունքը վանք է բերվել 983 թ.՝ ձեռամբ Մոկաց Զափրանիկ իշխանի:
ԺԱ դարում Սբ Նշանը տարվել է Աղթամարի վանք:
ԺԸ դարում՝ Վանում, Կենաց Փայտի մասունքի համար պատրաստվել է ներկայիս խաչ-մասունքարանը: 1836 թ. Աղթամարի Տ. Հովհաննես Շատախեցի կաթողիկոսը նորոգել է խաչ-մասունքարանը, որը վերստին նորոգվել է 1851 թ.:
Հայոց Ցեղասպանության օրերին՝ 1915 թ., այլ սրբությունների եւ ձեռագրերի հետ, Ապարանից ՈՒխտի Սբ Նշանը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հռչակավոր Սբ Նշանը պահվում եւ ցուցադրվում է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաբացված թանգարանում:
Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ